Սպանության մեղադրանքով հետախուզվող երիտասարդը հայտնաբերվեց Լոռու մարզում

74

Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքով հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ։ Ստացված տեղեկությունների հիման վրա հիշյալ ստորաբաժանման ծառայողները ձեռնարկել են տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ’ համագործակցելով ոստիկանության Էրեբունու, Թումանյանի և այլ բաժինների ծառայողների հետ։

Ոստիկանների հետևողականության ու ճշգրիտ գործողությունների շնորհիվ հունիսի 14-ին Լոռու մարզի Շամլուղ բնակավայրում հայտնաբերվել է ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հունիսի 12-ից սպանության մեղադրանքով հետախուզվող երիտասարդը։

Հիշեցնենք, որ հունիսի 10-ին Երևանի Տիգրան Մեծի պողոտայում կենցաղային հարցերի շուրջ վեճ էր տեղի ունեցել, որի ընթացքում բերման ենթարկված երիտասարդը դանակահարել էր 63 և 24-ամյա անձանց։ Նրանցից ավագը հիվանդանոցում մահացել էր, մյուսի առողջությանը պատճառվել էր միջին ծանրության վնաս։

Լայնածավալ հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության ծառայողները պարզել էին, որ սպանությունը կատարելու մեջ կասկածվողին ինքնությունը, ինչից հետո նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, խափանման միջոցը` կալանք։

Հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու և դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։