Որոշումը ընդունվեց․ Երեխաների ԱՆՎՃԱՐ հիվանդանոցային բժշկական օգնության տարիքային շեմը դարձավ 18 տարեկանը

49

Կառավարությունը հունիսի 27-ի նիստին որոշում ընդունեց առողջապահության նախարարությանը առողջապահական ծրագրերի համար հավելյալ 12 միլիարդ դրամ հատկացնել:

Գործադիրի անդամներին որոշման նախագիծը ներկայացրեց առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ դրա ընդունումը պայմանավորված է պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով մատուցվող ծառայությունների շրջանակի, շահառուների խմբերի ընդլայնման, մատուցվող ծառայությունների առկա պահանջարկի բավարարման, գրպանից դուրս կատարվող ծախսերի ցուցանիշի նվազման, ինչպես նաև առողջապահական կազմակերպությունների արդիականացման, վերազինման, անհրաժեշտ սարքավորումներով հագեցման անհրաժեշտությամբ:

Կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» թիվ 318-Ն որոշմամբ (այսուհետ` Որոշում) սահմանված են պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով մատուցվող ծառայությունների շրջանակը, ինչպես նաև շահառուների խմբերը:

Մասնավորապես, որոշման համաձայն երեխաներին` ՀՀ-ում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները ամբողջ ծավալով տրամադրվում են միայն 0-7 տարեկաններին:

Միևնույն ժամանակ, բնակչության կողմից կատարվող մասնավոր ծախսերի ավելացումը և աղքատության ցուցանիշների վատթարացումը հատկապես 0-18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքների համար գնահատվում է բարձր ռիսկային, քանզի դեմոգրաֆիկ, վերարտադրողական խնդիրներին զուգահեռ առաջ է գալիս առողջ սերունդ և մարտական պոտենցիալ ունենալու հարցը:

Պետք է նշել նաև, որ ՀՀ-ում ոչ վարակիչ հիվանդություններն ունեն զգալի մակրոտնտեսական ազդեցություն և խորացնում են աղքատությունը, քանի որ պահանջում են բազմակի բժշկական միջամտություններ, ինչն էլ իր հերթին ենթադրում է զգալի, հաճախ նույնիսկ աղետալի` չքավորության հասցնող բժշկական ծախսեր:

Հնարավոր հաշմանդամության արդյունքում քաղաքացին կորցնում է աշխատունակությունը, այսինքն` հավելյալ արժեք ստեղծելու կարողությունները: Ոչ վարակիչ հիվանդություններից մահացության բեռի մեծ մասը սիրտ-անոթային հիվանդություններից հետո բաժին է ընկնում նորագոյացություններին` կազմելով շուրջ 20.6 տոկոս:

Հաջորդը ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդություններն են, ընդ որում ուռուցքաբանական վիրահատությունները պետության կողմից երաշխավորված անվճար հիմունքներով տրամադրվում են բնակչության բոլոր խմբերին, իսկ ճառագայթային և քիմիաթերապևտիկ ծառայությունները տրամադրվում են համավճարային սկզբունքով:

Սակայն ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բուժմանն ուղղվող պետական ծախսերն այսբերգի ընդամենը գագաթն են, և կորցրած աշխատունակության արդյունքում առաջացած անուղղակի լրացուցիչ ծախսերը ավելի քան չորս անգամ գերազանցում են այդ ցուցանիշը:

ՀՀ ողջ բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով մատուցվում են շտապ բժշկական օգնության ծառայությունները, սակայն Երևան քաղաքում կիրառվում է ավելի քան 30,000 բնակչի համար մեկ բրիգադ հարաբերակցությունը, ինչի պատճառով նվազում է ծառայության արագ արձագանքման հնարավորությունը և ավելանում է կանչերի միջև առկա միջին տևողությունը:

Նախագծով առաջարկվում է նաև ինչպես մարզային, այնպես էլ Երևան քաղաքի բժշկական կազմակերպությունների արդիականացում, վերազինում, հիմանանորոգում, միջազգային ստանդարտներին համապատասխանեցում:

Այս որոշմամբ ակնկալվում է ՀՀ քաղաքացիներին պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների շրջանակի, շահառուների խմբերի ընդլայնում, ինչպես նաև մատուցվող ծառայությունների հասանելիության ապահովում: