Վնասը ՌԴ զբոսաշրջային պատժամիջոցներից կանդրադառնա լարիի փոխարժեքի վրա. Վրաստանի Ազգային բանկ

154

Վրաստանի Ազգային բանկը հրապարակել է հայտարարություն լարիի փոխարժեքի հետ կապված, որում բացատրել է, թե ինչու չի վաճառի արժութային պահուստներ, տեղեկացնում է «Նովոստի-Գրուզիա»-ն։

Համաձայն հունիսի 27-ի պաշտոնական փոխարժեքի՝ լարին նորից արժեզրկվել է. ԱՄՆ 1 դոլարն աժե 2.8470 լարի, 1 եվրոն՝ 3.2356 լարի։ Ընդ որում՝ առեւտրային բանկերում եւ արժույթի փոխանակային կետերում լարիի փոխարժեքը ավելի ցածր է՝ 1 դոլարն արժե 2.9 լարի։

«Փոխարժեքը ավտոմատ կայունացնող է համարվում արտաքին շոկերի շրջանում։ Այս պայմաններում փոխարժեքի արժեզրկումը կատարում է «շոկը կլանող» մեխանիզմի դեր։ Արժեզրկման հետեւանքով որոշ ժամանակ անց կրճատվում է ներմուծումը եւ/կամ արտահանումը։ Որքան արագ տեղի ունենա փոխարժեքի ճշգրտումը, այնքան փոքր կլինի բացասական ազդեցությունը տնտեսության համար եւ, հետեւաբար, կպահանջվի ավելի քիչ արժեզրկում։

Ազգային բանկի կողմից նման շրջանում օտարերկրյա արժույթի վաճառումը միայն կհետաձգի արժույթի փոխարժեքի ճշգրտումը, կհանգեցնի շոկի խորացման եւ փոխարժեքի ավելի մեծ արժեզրկման (տարբեր տարիների օրինակներ՝ Ադրբեջան, Ղազախստան, Ռուսաստան, Ուկրաինա)։

Այս փուլում դժվար է ճիշտ կանխատեսումներ անել, սակայն, համաձայն նախնական հաշվարկների, Ռուսաստանից զբոսաշրջային հոսքի կրճատման ազդեցությունը Վրաստանի տնտեսության վրա կկազմի մոտ 200-300 մլն դոլար տարվա մնացած մասի ընթացքում։ Այդ արտաքին շոկը կանդրադառնա վճարային հաշվեկշռի եւ, հետեւաբար՝ փոխարժեքի վրա…»,- ասվում է Ազգային բանկի հայտարարությունում։

Ընդ որում՝ Ազգային բանկը կանխատեսում է, որ չնայած ռուսական շոկին՝ Վրաստանի վճարային հաշվեկշիռը տարվա արդյունքներով կբարելավվի անցած տարվա համեմատ։

Ազգային բանկը մեկ անգամ եւս քաղաքացիներին կոչ է արել վարկեր վերցնել այն արժույթով, որով քաղաքացիները եկամուտ են ստանում։

«Միեւնույն ժամանակ, եւս մեկ անգամ հաստատվել է, որ դոլարայնացումը նվազեցնելու քաղաքականությունը եւ պատասխանատու վարկավորման սկզբունքների գործարկումը ճիշտ եւ ժամանակին ընդունված որոշում են եղել»,- ասվում է հայտարարությունում։