Սասուն Միքայելյանի մտահոգությունները կքննարկենք. մենք զերծ ենք ինտրիգներից. Արայիկ Հարությունյան

113

Մենք կքննարկենք Սասուն Միքայելյանի մտահոգությունները: Այս մասին, այսօր՝ հուլիսի 2-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳ, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով ՔՊ անդամներ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի եւ Կոտայքի մարզպետ ռոմանոս Պետրոսյանի միջեւ հրապարակային մեղադրանքներին:

«Առհասարակ մեր կուսակցությունում ցանկացած իրավիճակում սիրում են վերլուծել եւ դասեր քաղել. դա էր պատճառը, որ կուսակցությունը նախորդ տարի հաջողություն ունեցավ քաղաքական դաշտում:

Ցանկացած իրավիճակում կուսակցությունում քննարկումներ կան, լուծումներ կան, ես չեմ կարծում, որ մենք ունենք մի իրավիճակ, որ կան անլուծելի խնդիրներ»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե այդ դեպքում ինչո՞ւ այդ քննարկումները Ռոմանոս Պետրոսյանի եւ Սասուն Միքայելյանի միջեւ կուսակցությունից դուրս եկան եւ հրապարակավ վիրավորանքներ են հնչում, Արայիկ Հարությունյանն ասաց. «Իշխանական քաղաքական ուժ է, մեծացող քաղաքական ուժ է, որտեղ ամեն ինչ եղել է հրապարակային: Այնպես որ խնդիր չեմ տեսնում բանավեճի մեջ, կարգավորումներ կլինեն: Մենք կուսակցությունում կքննարկենք, այսքանը կարող եմ ասել»:

Նախարարը հերքեց տեղեկությունները, թե ՔՊ-ում ներքին խմբավորումներ ու խմբեր կան, որոնց մասին ակնարկում էր Սասուն Միքայելյանը. «Ներքին խմբեր հատկապես ընտրությունների ժամանակ ես չեմ նկատել: Պարոն Միքայելյանն ունի մտահոգություններ, որոնք մենք կքննարկենք: Մենք զերծ ենք ինտրիգներից: Պարոն Միքայելյանի մտքերն ու մտահոգությունները մենք անպայման կքննարկենք, դեռ չենք քննարկել»: