Իսրայելում 111 ոստիկան տուժել է ցուցարարների հետ բախումների ժամանակ

28

Իսրայելում, եթովպական համայնքի ընդվզող անդամների հետ բախման ժամանակ տուժել է 111 ոստիկան, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով The Times of Israel-ին։

Նրա տվյալներով՝ բուժհաստատություններ են հասցվել 47 ոստիկան, 16 ցուցարար, ինը անցորդ եւ մեկ հրշեջ։ Տուժածների ընդհանուր թիվը երկու կողմից անհայտ է։ Կալանվել է 136 մարդ։

Ավելի վաղ Israel Hayom թերթը տեղեկացրել էր, որ առնվազն 80 մարդ տուժել է բախումների հետեւանքով։

Ցուցարարները, որոնց մեծ մասը ֆալաշա խմբի (եթովպական հրեաներ) ներկայացուցիչներ են, անցած գիշեր փակել են երկրի գլխավոր մայրուղիները՝ պահանջելով վերջ տալ իրենց հանդեպ ռասիզմին եւ «ոստիկանական կամայականությանը»։ Որոշ քաղաքներում նրանց եւ ոստիկանների միջեւ բախումներ են տեղի ունեցել։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն  Թվիթերում գրել է, որ «եթովպական համայնքը թանկ է Իսրայելի համար, եւ այն իսկապես բախվել է խնդիրների, որոնք լուծում են պահանջում»։ Միեւնույն ժամանակ, կառավարության ղեկավարը կոչ է արել ցուցարարներին ապաշրջափակել ճանապարհները եւ հիշել, որ «Իսրայելը իրավական պետություն է, որտեղ ճանապարհներ փակելն անթույլատրելի է, իսկ բոլոր դժվարությունները պետք է հաղթահարվեն օրենքի շրջանակում»։

Երեքշաբթի Իսրայելի տարբեր քաղաքներում սկսվել են ֆալաշայի զանգվածային բողոքներ իրենց հանդեպ «համակարգային դաժանության» դեմ։ Առիթ է հանդիսացել 19-ամյա եթովպացի հրեա Սալոմոն Թեքի սպանությունը սոտիկանության աշխատակցի կողմից Հայֆա քաղաքում հունիսի 30-ին, վիճելի հանգամանքներում։ Կալանված ոստիկանը շուտով չբացակայելու ստորագրությամբ ազատ է արձակվել, ինչն էլ ցույցերի առիթ է հանդիսացել։ Ցուցարարները հայտարարում են ֆալաշայի հանդեպ ռասիզմի մասին Իսրայելի կյանքի սոցիալ-տնտեսական եւ հասարակական ոլորտներում։