«Մեկ Հայաստան»-ի անդամները եւ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչները քննարկել են Հայաստանի ներկայիս իրավիճակը

191

«Մեկ Հայաստան» կուսակցության գրասենյակում տեղի է ունեցել հանդիպում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումը նախաձեռնել էր ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը, որը շարունակում է քաղաքական խորհրդակցությունների շարքը խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի հետ՝ քննարկելու համար երկրում տիրող հասարակական-քաղաքական իրավիճակին առնչվող հարցեր։ «Մեկ Հայաստան» կուսակցության կողմից հանդիպմանը մասնակցել են կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը, քաղխորհրդի անդամներ Վլադիմիր Մարտիրոսյանը, Հասմիկ Ենգոյանը եւ Լուսինե Մարգարյանը։ Դաշնակցության կողմից հանդիպմանը մասնակցել են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ՀՅԴ մասնագիտական ոլորտային հանձնախմբերի համակարգող Արծվիկ Մինասյանը եւ ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը։

Ողջունելով ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչներին՝ «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը նշել է․-«Քաղաքական դաշտում մեր բարեկամ ՀՅԴ-ին մեր ծրագրերում, մեր քաղաքական հետագա պլանավորման մեջ դիտարկում ենք որպես գործընկեր կուսակցություն, որի հետ կարելի է կարեւոր հարցեր քննարկել, լրջորեն պայմանավորվել եւ վստահ լինել, որ ձեռքբերվող համաձայնությունը երկարաժամկետ կլինի։

Միասին կկարողանանք գործել հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն պետականության, պետական եւ ազգային ինստիտուտների արդյունավետ գործունեության, բարձր հեղինակության եւ ամենակարեւորը՝ ազգային հիմքերի ամրապնդման ուղղությամբ»։ Նա կարեւորել է խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ պարբերական հանդիպումներն ու շփումները՝ զարգացման վճռորոշ փուլում գտնվող մեր պետության միասնական օրակարգ ձեւավորելու համար։

Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը նշել է, որ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի այս նախաձեռնության նպատակն է խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական առողջ ուժերի հետ քննարկել մեր երկրում տիրող քաղաքական իրավիճակը եւ մի շարք հարցերի ուղղությամբ ճշգրտել մոտեցումներն ու համագործակցության հնարավոր ուղիները։ Այդ համատեքստում նա կարեւորել է հանդիպումը «Մեկ Հայաստան» կուսակցության հետ՝ որպես գաղափարական հենք ունեցող կուցակցություն, որն իր հստակ դիրքորոշում է արտահայտել քաղաքական իրադարձությունների, մասնավորապես՝ դատական համակարգում տիրող իրավիճակի առնչությամբ։

Կողմերը փոխըմբռնում են արտահայտել դեպի անցյալ վերադարձի բացառման ուղղությամբ՝ ընդգծելով որ անցյալի վերադարձն անթույլատրելի է։ Նրանք նշել են, որ միասնական օրակարգի ձեւավորումն ուղղված է լինելու ապագայի քաղաքականության մշակմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, անդրադարձ է կատարվել ներքաղաքական եւ արտաքին քաղաքական ներկայիս իրավիճակին ու ընթացիկ զարգացումներին, Արցախյան հիմնահարցին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առավել ակտիվացնել միջկուսակցական շփումները ներքաղաքական կարեւորագույն հարցերի, մասնավորապես՝ իշխանության կողմից թիրախավորված դատական համակարգի խնդրի կարգավորման շուրջ։

Կողմերը ծանոթացել են քաղաքական հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ երկուստեք առկա դիրքորոշումներին: