Հայտնի են ողբերգական վթարի մասնակից երեք մեքենաների վարորդների անունները. Պիկապում եղել է 4 մարդ

111

Ոստիկաններն ու քննիչները պարզել են Արարատի մարզում, Երեւան-Երասխ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարին մասնակից երեք մեքենաների վարորդների ինքնությունը:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, Toyota-ն (Պիկապ) վարել է Երևանի բնակիչ, 61-ամյա Սողոմոն Հակոբյանը, «Գազելը» վարել է Արարատի մարզի բնակիչ, 57-ամյա Վաչիկ Ասլանյանը, իսկ «ՎԱԶ 2106»-ը վարել է Արարատի մարզի Արմաշ գյուղի բնակիչ, 20-ամյա Կարեն Նուրիջանյանը:

Վթարի հետևանքով վիրավորվել են Պիկապի ուղեւորներ  Վայք քաղաքի բնակիչ, 36-ամյա Հրանուշ Արզումանյանը, Երևան քաղաքի Դավիթաշեն 1-ին թաղամասի բնակիչ, 66-ամյա Սլավիկ Իշխանյանը, Վայք քաղաքի բնակիչ, 8-ամյա Նարե Գրիգորյանը,

«ԳԱԶԵԼ»-ի ուղևորներ, Արարատ քաղաքի բնակիչ, 32-ամյա Անդրանիկ Նկուրյանը, Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակիչ, 28-ամյա Գագիկ Ղուկասյանը, Արարատի մարզի Երասխ գյուղի բնակիչ, 20-ամյա Ծաղիկ Համբարձումյանը, Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակիչ, 35-ամյա Ռուզաննա Հակոբյանը, Արարատ քաղաքի «Ոսկու կորզման ֆաբրիկայի բանավան» թաղամասի բնակիչ, 13-ամյա Արսեն Միքայելյանը, Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակիչ, 12-ամյա Սենիկ Մելոյանը, Արարատի մարզի Արարատ գյուղի բնակիչ, 23-ամյա Սուրիկ Ասլանյանը:

Վարորդներից Վաչիկ Ասլանյանը և «ԳԱԶԵԼ»-ի 5 ուղևորները ստացված այրվածքների հետևանքով տեղում մահացել են: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների ինքնությունը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արարատի մարզում դաժան ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել. ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի, ժողովրդին հայտնի՝ Արարատի Զոդի կարմրջի վրա բախվել են Toyota մակնիշի 096 FF 96 համարանիշի, ВАЗ 2106 մակնիշի 35 LQ 998 համարանիշի և մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։

Բախման հետևանքով «Գազել»-ում հրդեհ է բռնկվել, և այն վերածվել է մոխրակույտի։

Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ փրկարար ծառայության Արարատի հրշեջ փրկարար ջոկատը 1 մարտական հաշվարկով, որոնք քաղաքացիների օգնությամբ մարել են «Գազել»-ում առաջացած հրդեհը, և այնտեղ հայտնաբերել են մոխրացած դիեր։ Վերջին տվյալներով զոհվել է 6, վիրավորվել 12 մարդ: