Ինգուշեթիայում բռնության ենթարկված աղջկա վիճակը ծանր է. բժիշկների կանխատեսումները լավատեսական չեն

121

Ինգուշեթիայում ուժեղ ծեծի ենթարկված աղջկա վիճակը շարունակում է մնալ ծանր. Աիշայի ձեռքերի վիճակի բարելավում չի նկատվում, հաղորդում է Life-ը՝ հղում կատարելով Մոսկվայում շտապ մանկական վիրաբուժության եւ վնասվածքաբանության ինստիտուտի մամուլի ծառայությանը:

«Երեխայի վիճակը շարունակում է մնալ ծանր: Չնայած անցկացվող համալիր թերապիային՝ վերին վերջույթների լավացում չի նկատվում: Նկատվել է աջ դաստակի մատների չոր նեկրոզ եւ կոշտ փոփոխություններ ուսի մկանների շրջանում»,-պատմել են հիվանդանոցի մամուլի ծառայությունում:

Նշվում է, որ բժիշկները որոշել են դեռեւս խուսափել վիրահատությունից հյուսվածքների կենսունակությունը հստակ պարզելու համար:

Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին Ինգուշեթիայի հիվանդանոցներից մեկում գրանցվել էր 7-ամյա աղջիկ մարմնի վրա ֆիզիկական բռնության հետքերով: Բժիշկները հայտնաբերել էին Աիշայի մոտ բազմաթիվ կտրվածքներ, այրվածքներ եւ խայթոցի հետքեր ինչպես թարմ, այնպես էլ արդեն սերտաճած: Անչափահասին մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ կասկածվում է նրա մորաքույրը: Այժմ ավելի վաղ դատվածություն ունեցած կինը կալանավորվել է երկու ամսով, հարուցվել է քրեական գործ: Կնոջ սեփական երեխաներին ուղարկել են վերականգնողական կենտրոն, իսկ նա կանցնի թմրանյութեր օգտագործելու հատկանիշներով ստուգում:

Հուլիսի 5-ի երեկոյան աղջկան տեղափոխել են Մոսկվա հետագա բուժումն ստանալու համար: Երեխան մի քանի շաբաթ կանցկացնի շտապ մանկական վիրաբուժության եւ վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտում: