Աշխարհում ամենաքիչն ամուսնալուծվում են Հնդկաստանում. ահա թե ինչու է դա սարսափելի

83

Վերջերս կատարված գլոբալ հետազոտության ընթացքում պարզ է դարձել, որ Հնդկաստանն ունի ամուսնալուծությունների թվի ամենացածր ցուցանիշը։ Ամուսնալուծությամբ են ավարտվում 1000 ամուսնությունից 13-ը, այսինքն՝ մոտ 1%-ը։ Թվում է՝ սա հպարտանալու և ուրախանալու առիթ է հնդիկների համար, այնպես չէ՞։

Սկսենք նրանից, որ իրարից հեռացած զույգերի թիվը գրեթե երեք անգամ գերազանցում է պաշտոնապես ամուսնալուծվածների թվին։ Սա կոտրում է ստեղծված ուտոպիստական պատկերը։

Սակայն գլխավորն այլ է։ Ամուսնությունները Հնդկաստանում պահպանվում են ոչ թե շնորհիվ այն բանի, որ զույգերը յուրահատուկ կերպով երջանիկ են, այլ այն պատճառով, որ ամուսնալուծություն երևույթն ինքնին մեղք է համարվում հասարակության կողմից, հետևաբար, եթե զույգը չի ամուսնալուծվում, դա բնավ չի նշանակում, որ նրանք երջանիկ են։

Չնայած այն բանին, որ մենք ապրում ենք 21-րդ դարում, Հնդկաստանում մինչ օրս կարծում են, որ ամուսնությունները կայանում են ոչ թե անհատների, այլ ընտանիքների միջև։ Հենց այդ պատճառով էլ ամուսնալուծության թույլտվություն ստանալու համար հարկավոր է համոզել երկու ընտանիքների բոլոր անդամներին, որ ամուսնությունը հաջող չէ։ Եվ յուրաքանչյուր հարազատ կվիճի, կհերքի ու կընդդիմանա. չէ՞ որ ամուսնալուծությունը կխայտառակի ողջ տոհմը։

Ամուսնալուծությունը համարվում է ծայրահեղ էգոիստ քայլ։ Շատ զույգեր մնում են պաշտոնապես գրանցված ամուսիններ, սակայն ապրում են առանձին կյանքերով։

Իհարկե, նման իրավիճակում առավելապես տուժում են կանայք։ Ամուսնալուծությունների ցածր թվաքանակը արտացոլում է այն բոլոր դժվարությունները, որոնց անխուսափելիորեն բախվում են կանայք Հնդկաստանում՝ ֆինանսական կախվածություն, իրավական պաշտպանության բացակայություն, ընտանեկան բռնություն…

Բացի դրանից՝ ամուսնալուծությունից հետո կինը պարզապես չի կարող երկրորդ անգամ ամուսնանալ, քանի որ նրա կարգավիճակն ամոթալի է համարվում, իսկ տղամարդկանց ամուսնալուծությունը ներվում է։

Եթե կինն ամուսնալուծվում է, նրան, մեծ հավանականությամբ, չեն ընդունում հետ՝ ծնողական տուն։ Հատկապես բարդ է ամուսնալուծությունը վերապրելը գյուղական համայնքներում, որտեղ քեզ բոլորը ճանաչում են։ Նման կանայք մեծ դժվարությամբ են բնակարան կամ աշխատանք գտնում։ Իսկ կնոջ ընտանիքում հետագայում բարդությամբ են ամուսնացնում կրտսեր երեխաներին։

Դեռ 30 տարի առաջ «ամուսնալուծություն» բառը վիրավորական էր, իսկ սիրո հիման վա ամուսնանալը՝ սկանդալ։ 1980-ականներին Նյու Դելիում միայն երկու դատարան էր գործում, որոնք զբաղվում էին ամուսնալուծության հարցերով։ 2010-ականներին դրանց թիվը դարձավ 16։

Քանի որ այս երկրում արմատացած են հայրական ավանդույթները, կանայք հազվադեպ են աշխատանքի անցնում։ Այնպես որ, ամուսնալուծություն նշանակում է նաև աղքատություն։ Իսկ եթե անգամ կինն աշխատում է, ապա ամուսնության ընթացքում ձեռք բերված համատեղ սեփականությունը ոչ թե հավասարապես բաժանվում է, այլ մնում է ամուսնուն։