Վաշինգտոնի նահանգում օրինականացրել են մարդու աճյունը կոմպոստի վերածելը

47

Վաշինգտոնն առաջին նահանգն է ԱՄՆ-ում, որն օրինականացրել է մարդկային աճյունը կոմպոստի վերածելը, տեղեկացնում է BBC-ն։

Հիմա ըստ նոր օրենքի՝ արեւմտյան այդ նահանգի բնակիչները կկարողանան ընտրել իրենց մարմինը տնօրինելու նոր միջոցը մահվանից հետո՝ կտակելով, որ իրենց մարմինը վերածվի պարարտանյութի։ Օրենքը ստորագրվել է նահանգապետ Ջեյ Ինսլիի կողմից։

Օրենքը պաշտպանող Քաթրինա Սփեյդը եւ նրա Recompose ընկերությունը յուրացրել են մարմնի մնացորդները արգասաբեր կոմպոստի վերածելու տեխնոլոգիան։

Ըստ այդ տեխնոլոգիայի՝ մարմինը տեղադրվում է լյուցեռնով, փայտով եւ ծղոտով լի վեցանկյուն պողպատե կոնտեյներում։ Դրանից հետո այն փակում են, եւ մարմինը քայքայվում է բնական եղանակով ոչ ավելի, քան 30 օրում։ Արդյունքում՝ ստացվում է երկու սայլի տարողությանը համապատասխան կոմպոստ։

Վերջում կոմպոստը տալիս են մահացածի մերձավորներին։ Նրանք կարող են դրա վրա ծաղիկներ, բանջարեղեն կամ ծառեր տնկել։

Մարմնի մնացորդները կոմպոստի վերածելն առաջարկվում է որպես ավելի էկոլոգիական այլընտրանք ավանդական թաղմանը եւ դիակիզմանը։ Այն նաեւ կարող է դառնալ խոշոր քաղաքներում գերեզմանատեղիների անբավարարության խնդրի լուծում։