«Ցանկանում էի գոնե մեկ անգամ նման զգեստ հագնել». Էլեն Սարգսյանը՝ հարսի կերպարի, ընտրյալ ունենալու և պարզ հարսանիք անելու մասին

Օրերս «Շիրազի Վարդը» հեռուստասերիալից լսարանին հայտնի դարձած դերասանուհի Էլեն Սարգսյանն Ինստագրամի իր էջում հարսի զգեստով լուսանկարներ էր հրապարակել: Լուսանկարները քննարկումների տեղիք էին տվել, որ դերասանուհին, գուցե, ամուսնացել է:

Tert.am Life-ը կապ հաստատեց Էլենի հետ մանրամասներ պարզելու համար:

Դերասանուհու խոսքով՝ զգեստը հագել է գովազդային նախագծի համար: «Չեմ ամուսնացել: Առաջին անգամ չէր, որ հարսի զգեստ էի հագնում: Հագել եմ նաև «Շիրազի Վարդը» հեռուստասերիալում, ուղղակի այս զգեստն ավելի շքեղ էր»,- նշեց նա:

Ըստ Էլենի՝ մինչև հարսանիքը հարսի զգեստ չհագնելու մասին չի մտածել: «Կարծրատիպերի մասին չեմ մտածում, որովհետև մտադիր չեմ հարսանիքիս օրը նման զգեստ հագնել: Այն ծանր ու անհարմար է, դրանով շարժվելը, քայլելն ու նստելը բարդ է: Իհարկե, շքեղ էր, գեղեցիկ, միշտ էլ ցանկացել եմ գոնե մեկ անգամ նման զգեստ հագնել, բայց ոչ հարսանիքիս օրը: Ուրախ եմ, որ այդ հնարավորությունն ունեցա, որովհետև հարսանիքս ավելի պարզ եմ պատկերացնում՝ պարզ զգեստով: Հարգանքի են արժանի բոլոր հարսները, որոնք այդքան ծանր զգեստով մի ամբողջ օր են անցկացնում»,- նկատեց նա:

Վերջին շրջանում Էլենն իր էջում երբեմն լուսանկարներ է հրապարակում մի տղայի հետ: Դերասանուհուց հետաքրքրվեցինք ընտրյալ ունենալու մասին: «Չեմ սիրում այդ թեմայով խոսել, կարծում եմ՝ անձնականը պետք է անձնական մնա: Չգիտեմ՝ երբ կցանկանամ խոսել անձնական կյանքիս մասին, սովոր չեմ, որ մարդիկ պետք է իմանան դրա մասին: Միայն կասեմ, որ այդ մեկը կա»,- եզրափակեց Էլենը: