//phaurtuh.net/4/4451030

Ադրբեջանցիները ագրեսիվ են ու մարդկային լեզուն, բանակցությունները չեն հասկանում. Արավուսի գյուղապետը՝ ադրբեջանցիների՝ հրազենով սպառնալիքների մասին

Բնակիչները մեզ ահազանգել են Տեղ գյուղում տիրող իրավիճակի մասին, ինձ հետ կապ է հաստատել նաև Տեղի գյուղապետը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Արավուս գյուղի գյուղապետ Արգամ Հովսեփյանը:

«Բնակիչների ահազանգից հետո ինձ հետ կապ է հաստատել Տեղի գյուղապետը և կամավորական ջոկատի տղաները, համայնքի ղեկավարներով մենք առաջին բանակային կորպուսի հրամանատարի հետ եղել ենք դեպքի վայրում»,- նշեց Հովսեփյանը:

Նա նշեց, որ չնայած բանակցությունների ժամանակ ադրբեջանական կողմը ագրեսիվ է տրամադրված եղել, բայց հաջողվել է խոտը հավաքել:

«Վերին աստիճանի ագրեսիվ են տրամադրված եղել ադրբեջանցիները, դրանք մարդկային լեզուն, բանակցությունները չեն հասկանում, հանգիստ խոսել չի լինում դրանց հետ, բայց մեզ հաջողվել է այնպես անել, որ բնակիչները կարողանան խոտը հավաքել, բարձել մեքենան, և դրանից հետո արդեն հեռացել ենք դեպքի վայրից»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Տեղ գյուղի բնակիչները երեկ գնացել են Տեղ-Արավուս-Խնածախ բնակավայրերի հատման կետ ՝ հավաքելու հնձած խոտը, սակայն թշնամու զինվորները իջել են դիրքերից և արգելել հավաքել խոտը: