//phaurtuh.net/4/4451030

Ադրբեջանցիները 7 րոպե թիրախային կրակ են վարել. Շոշի մոտ տեղի ունեցած դեպքի մանրամասները

Շոշ գյուղի մոտ ինժեներական աշխատանքներ իրականացնող բնակչի, Արցախի պաշտպանության բանակի զինծառայողների ուղղությամբ հակառակորդի կողմից կրակելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Նա գրառում է արել Facebook–ում։

«Մայիսի 17-ին՝ ժամը 17։05-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ մի խումբ զինծառայողներ մոտ 7 րոպե անընդմեջ թիրախային կրակ են վարել N զորամասի պահպանության ներքո գտնվող մարտական դիրքերից մեկում ինժեներական աշխատանքներ կատարող, Մարտունու շրջանի Սոս գյուղի բնակչի էքսկավատորի և մարտական դիրքի անձնակազմի ուղղությամբ»,–գրել է Աբրահամյանը։

Կրակոցների հետևանքով ամբողջությամբ վնասվել են էքսկավատորի դիմային և ձախ կողային դռան ապակիները՝ պատճառելով գույքային վնաս: Ըստ էության, հանցագործությունն ավարտին չի հասցվել այն պատճառով, որ աշխատանք կատարող քաղաքացիական անձը և ժամկետային զինծառայողներն այդ պահին կարողացել են պատսպարվել:

Поврежденный от азербайджанского обстрела экскаватор
Поврежденный от азербайджанского обстрела экскаватор

Դեպքի առթիվ ՀՀ ՊՆ Հադրութի ռազմական ոստիկանության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 13-րդ կետերի (սպանության), ինչպես նաև 185-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։